«Պապերի շնչով էր ապրում, նորոգվում նրանց ձայներից... հազար շիվի էր արևին տվել», ու մնացել հին ու նոր Հայաստանի, իր ժողովրդի ցավ ու տառապանքի, հավատի ու երկնումի հետ: Կորցրած ու ներկա Հայրենիք որոնելով՝ հայրենիք է կերտել:
Ինքը՝ բնության կանչերին ունկնդիր, սար ու քարին ձուլված, բնության սիրահար՝ էն էլ Լոռվա չքնաղ բնությանը, դժվար էր համակերպվում Երևանում.
-Էս ծմակը, էս երկինքը թողել, ո՞ւր ենք գնացել:
Ծննդավայրի ծաղկած թախծաշխարհն ու թախծակարոտ գույները թեև Հրաչյա Մաթևոսյանը հետը վերցրել է Երևան, բայց էլի տխրությամբ ու կարոտախտով է լցված հայրական տան, ծնողների, հարազատ եզերքի, իրենց դառնամուխ կյանքի մասին հիշելիս...
Հրաչյա Մաթևոսյանի գրքերում Հայաստան երկրի, Լոռվա, իր ծննդավայր Ահնիձորի մարդկանց, սար ու ձորերի, հանդ ու չոլերի, գետերի, հողի, անտառների, կաղնիների ու կաղնուտների, ճամփաների կարոտներն են, անզուգական գույները, համուհոտերը, շունչը, անկեղծ ու միամիտ լոռեցու ձայներն ու կանչերը, որոնք իր գունեղ գրչով Հայրենիքի պատկեր են դարձել:
Հայոց ամենաերևելիներից ինձ բախտ չվիճակվեց անձամբ ճանաչելու Հրանտ Մաթևոսյանին (նախանձում եմ քրոջս, որ 1988-ին նրան հանդիպել է Արցախի Դահրավ գյուղում): Հետո Աստված կամեցավ, որ ես անձամբ ճանաչեմ նույն ընտանիքի մեկ այլ Մեծի՝ Հայաստան երկրի ցավերով տառապող, մարդկանց ուրախությունով ապրող, տխրությունը կիսող, սիրելի Հրաչյա Իգնատիին... ՈՒ սիրեցի նրա լուսավոր էությունը, նրա թախծաշխարհը, նրա ծաղկաբույր լռությունը, նրա համառությունը, նրա բարեհոգությունը, առաքինի, շիտակ անձը, նրա՝ Լոռվա համուհոտով, համարձակ, սրամիտ, իմաստուն, գունագեղ, սքանչելի, պատկերավոր մտածողությամբ գրիչը...
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անուն-ազգանունը ինձ հայտնի էր դեռևս անցած դարի 70-ական թվականներից: Եթե որևէ թերթում Հրաչյա Մաթևոսյան ստորագրությանն էի հանդիպում, ուրեմն, մյուս հոդվածները պիտի սպասեին, մինչև նրա՝ Լոռվա համուհոտով, Լոռվա բառ ու բանով գունեղ նյութերն ընթերցեի:
Հրաչյայի հետ ծանոթանալու բարեբախտությունն ունեցա 1993-ի ապրիլի կեսերին: Ամուսնուս՝ ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գերմանահայ ազգային գործիչ, Մայնցի հայկական համայնքի նախագահ Արա Բերքյանի հետ համայնքի օգնությունը հասցրինք Արցախ: Մեկնելիս մեզ հետ էին լրագրողներ Տանյա Թանդիլյանը, Գեղամ (Գրետ) Վարդանյանը: Նրանք մեզ խնդրեցին վերադարձին անցնել խմբագրություն, պատմել մեր տպավորությունների մասին:
Երևան վերադարձի հաջորդ օրը եղանք մի շարք խմբագրություններում, այդ թվում՝ «Հայաստան» թերթի խմբագրատանը, որտեղ հանդիպեցինք Հրաչյա Մաթևոսյանին: Այդ օրը ներկա եղա, թե հայրենապաշտ երկու նվիրյալներ ինչպիսի անուշ զրույց սկսեցին միմյանց հետ: Զրույցի թեման Արցախի, Հայաստանի կացությունն էր, որն էլ երկուսին առավ իր կալի մեջ: Արան չէր կտրվում տպավորություններից՝ ոգևորված Հրաչյային պատմում էր ու պատմում Արցախի, իր տեսածների մասին, շարունակ հարցնելով.
-Արցախի աս կամ ան բանը կը ճանչնա՞ս:
Այդ օրը Արան Հրաչյային ասաց.
-Քեզ պիտի տունս հրավիրեմ, էնտեղ մեր էսօրվա սկսած զրույցը շարունակենք:
Հրաչյան՝ լոռեցու միամիտ զարմացականով, ասաց.
-Ես՝ ո՞վ, Գերմանիան՝ ո՞վ:
Արան ժպիտով ավելացրեց.
-Շուշիում՝ երեք տարի հետո:
Այդ օրվա երկար զրույցը դարձավ Հրաչյա Մաթևոսյանի՝ գունեղ գրչով երկու պատկերավոր հոդված՝ Արա Բերքյանի մասին. «Նրա սիրտը Շուշիում էր» և «Երանի՜ այսպես եկող-գնացողներին»:
Այդ ճակատագրական հանդիպումից հետո իմ, քրոջս՝ Շուշանի, եղբորս՝ Դավթի, մերոնց բոլորի մտերմությունը Հրաչյա Մաթևոսյանի, նրա ընտանիքի հետ պորտալարով կապվեց:
Ամեն տարի՝ Հայաստանում եղած օրերին կարոտով էի հանդիպում, շփվում, վայելում նրա լուսավոր ու տաք շունչը՝ Երևանում, Գեղարոտում, Աշտարակում, Ծաղկաձորում և այլուր։
...2004 թ. օգոստոսի 8-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ամուսնուս՝ Արա Բերքյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում, ելույթ ունեցողների թվում էր նաև Հրաչյա Մաթևոսյանը, որը գեղեցիկ և հուզիչ խոսք ասաց Արա Բերքյանի մասին... 2014 թ. սեպտեմբերի 11-ին՝ Ա. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը, ներկա էր սիրելի Հրաչյան՝ վարդով, մեղրով ու մեղրից քաղցր սքանչելի ելույթով: Նրա հսկայածավալ խոսքը հրապարակվեց «Իրատես» թերթի կայքում:
Այնքան շատ են հանդիպումները, որոնց մասին հետո կպատմվեն...
Նաև նամակագրություն ունեի հետը, այդ նամակներն իմ գանձերն են, սուրբ մասունքներ, գունագեղ գրչով գրված կարոտի, սիրո, վարարած, ծիածանված, մանված խոսքեր...
...2007, հունվարի 3-ի նամակից: Ինձ անչափ հուզեց այն միտքը, որ այդ տոնական օրը նա ոչ միայն հիշել է ինձ, այլև նամակ է գրել. «Երկա՜ր-երկար նամակ գրեցի մտքումս, ժամը չորսին մտքերը ստիպեցին, որ արթնանամ, մտնեմ խոհանոց, էն էլ երկար նամակից մնացել էր մի անուշ պատկեր. Ձեր եկեղեցուց դառնում էինք մեր Ռիմայի հետ, հետ էի նայում, մեկը ուսիս վրայից կանչում էր՝ ձեր մատուռն էր, ո՞ւր եք գնում, ավելի լավ տե՞ղ կար, քան եկեղեցին էր: Շոգ կեսօրը, Արագածի խաղաղ վեհությունը ու էդ աստվածացած վեհության մեջ քո հեռավոր թվացող անուշ գոյությունը... Ի՞նչ է լինելու հայոց շարունակվող թալանը, արտագաղթը... Երկիրը, հողը չեն պահում, բայց դրանց մասին հանճարեղ բաներ են գրում գրողները...»։
...Պատասխան նամակում գրեցի, հիացմունքս արտահայտեցի «Հայրենանկար» գրքի առիթով, որը մեկ շնչով կարդացի, մեծ բավականություն ստացա: Այդ նամակում նշել էի, որ իր գրքերը կարծես հոմանիշների բառարան լինեն, դրանք ընթերցելիս մեղքս ինձ վրա գալիս է, որ ես հայոց լեզուն երեսանց գիտեմ:
...2007-ի մեկ այլ նամակում նշել էր. «Բարի լույս, սիրելի Լիզա, ցավերով, կորուստներով, սիրո հովիտներով առլեցուն հոգի: Գլուխները քարն են տվել նրանք, ովքեր ասում են, թե կորուստները հարստացնում են մարդուն: Եղեռնը հարստացնո՞ւմ է մեր ժողովրդին, դատարկված մեր երկիրը հարստացնո՞ւմ է նրա տարագիր զավակներին ու մնացորդաց, էսօրվա արտագաղթը (էն էլ հա՛յ-րե՛-նի՛-քի՛ց) հարստացնո՞ւմ է մարդուն...»:
2010-ին նամակի հետ ուղարկել էր նաև նոր հրատարակած գրքերից: Այդ գրքերից մեկը՝ «Հարցերի երկիր Հայաստանս», գրող-հրապարակախոսի տնքոցն էր ու ողբը: «Անօրինականությունը, հայրենափախությունը, անխղճությունը, ունեզրկությունը, համաժողովրդական թալանը և հարյուրավոր ու հազարավոր հարցեր, որոնք դաշույնի նման խրվել են գրողի սիրտը, խեղդում են գրողին»,- նշված է առաջաբանում... «Սիրելի Լիզա, դժվար է օր մթնեցնել առանց զրույցի, առանց գործ անելու: Սարսափելի է բաց աչքով գիշեր լուսացնելը, գոնե գոհ ես մնում, շնորհակալ ես լինում Աստծուն, որ հիշում ես ծնողներիդ, լսում ես հարազատներիդ ձայնը, օ՜, եղբորս ձայնը, հարազատ, սիրելի ձայների մեջ նաև քո մախմուր ձայնը, որ ասես օծվում է նաև այսօր նույն Արագածի փեշերին: Պատիժ է ինձ համար, երբ ոչ գրում եմ, ոչ էլ կարդում, և զգում եմ, որ պարապներն իրավունք չունեն անգամ... թեև գիտեմ նաև, որ էդ մի բուռ հողը չի տրվելու ինձ:
Պինդ մնա: Մաղթում եմ քեզ սիրաողող առողջություն, հարազատներիդ շաղախված մնաս երկա՜ր-երկար տարիներ: Կհամբուրեմ գալուդ: Պինդկացեքյան սիրով՝ Հրաչօ»:
«Պինդ կացեք»-ը ավանդեց մեզ, իսկ ինքը՝ իր երգած կաղնիների պես, ընկավ կաղնու ազնիվ շառաչով, որի անուշ գոյության շնչառությունը դեռ երկար պիտի զգանք, կարոտենք, տխրենք...
Սիրելի Հրաչյա Իգնատի, Դուք հայրենիքիս կանչն էիք, Ձեր սիրո Հայրենիքը թողած ո՞ւր եք գնում: Ձեզ տեսնելու, Ձեզ հետ շփվելու, Ձեր տաք շունչն զգալու օրերն էի հաշվում: Իմ կանչը հիմա երկնքում է՝ սեր ու գորով տարավ աստղերին: Տիեզերքում՝ աստղոտված սիրո, ծաղկած թախծի աշխարհ ավելացավ:
Ձեր՝ «պինդ կացեք»-ը՝ մանրամաղ անձրևի պես, դեռ պիտի կաթկթի մարդկանց, հայրենի հողի, կաղնիների ու ծաղիկների պապակ շուրթերին՝ շշնջոցով և օրհնանքով հիշեցնելու Հրաչյա Մաթևոսյան անունը:
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վիսբադեն